Բազմաբնույթ, բազմագույն, բազմապատկան մամուլն այսօր մեր խայտաբղետ կյանքի պատկերն է, մեր հասարակության արտացոլանքը: Մամուլի ճշմարտությունը և ճշմարտության մասին մեր պատկերացումները միշտ չէ, որ համընկնում են: Մամուլն այսօր չի կարող հասարակական համոզմունք ձևավորել, որովհետև ամբողջ հասարակությունը մամուլի ընթերցող չէ: Եվ որովհետև հանրապետության ողջ մամուլը մի գաղափարի կամ մի նպատակի չի ծառայում, այդ իսկ պատճառով հասարակությունը միասնական չի դառնում: Մամուլում պարզորոշ գծագրվում են շահերն ու շահերի բախումները, և տասնյակ ու տասնյակ թերթերի միաժամանակյա ընթերցողը մնում է տարակուսանքի ու անորոշության մեջ. մի թերթը հազիվ կողմնորոշում է, հաջորդն անմիջապես ապակողմնորոշում է նրան:
Հայաստանի անկախացումից անմիջապես հետո, երբ դեռ ժողովուրդը ամբողջությամբ չէր ըմբռնել իրողությունը, առաջինը մամուլն էր, որ ըմբոշխնեց ազատության շունչն ու համը, սակայն ազատ մամուլը դեռևս չի նպաստում հասարակության բոլոր շերտերի ազատ մտածողության ու ազատ գործելակերպի կայացմանը. անորոշության մեջ ապրող ընթերցողը դեռևս կաշկանդված է ու կասկածամիտ: Մամուլը գրում է ամեն ինչի և ամեն մեկի մասին` ազատորեն ու ինքնակամ: Եվ քանի որ կյանքում երբեք երկու երանին մեկտեղ չեն լինում, երբեմն-երբեմն սպառնալիք ու բռնություններ են իրականացվում առանձին լրագրողների, որ նույնն է թե` ընդհանրապես լրատվության, լրագրության նկատմամբ: Երևույթ, ինչը հենց մամուլի գործուն ու ազդեցիկ նշանակության մասին է փաստում:
Ժողովրդավարության վայրիվերումների, տեսակետների ու գործունեության բախումների, կապիտալի նախնական ու բնազդային կուտակման հետ ու առաջ քայլերի, կործանման ու կայացման, ինքնաորոնման ու ինքնահաստատման, ազնիվ ու ստոր ճանապարհների փայլատակումները ի ցույց դնելը մամուլի մենաշնորհն ու ճակատագիրն է: Անցումային շրջանի անցողիկ կյանքի մութ ու փակ էջերը մամուլն է տեսանելի դարձնում: Եթե իշխանամետ է` բարությամբ ու լավատեսորեն, դրական միտումներով: Եթե իշխանամետ չէ` չարության հասնող դառնությամբ ու կծու պահանջատեր որպես: «Մետ»-երն ու միտվածությունը մամուլում պարզ ու տեսանելի են, բևեռացված կենսակերպի ծայրահեղությունները մամուլին էլ, բնականաբար, ծայրահեղ ու բևեռասևեռուն են դարձնում: Մամուլի ազատությունը ինչ-որ տեղ բացարձակ է, բայց անկախությունը, ավա՜ղ, շատ հարաբերական է ու համեմատական. հնարավորինս անկախ` նյութից, գաղափարից, աթոռանիստ այրերից:
Անկախությունը անիրական ու լուսնային երևույթ չէ, և բացարձակ ու զտարյուն անկախության մասին պատրանքներով անգամ ոչ ոք չի ապրում ու գործում: Կախյալության կամ կախվածության գործոնը բացառել անհնար է, որովհետև մեր մթնոլորտը հագեցած է հոգեբանական-նյութական-գաղափարական փոխշաղկապված երևույթներով: Այսօր ոգին այնտեղ է, որտեղ և մարմինն է, հոգևորն այն տեղում է, որտեղ նյութականը կա: Դարերով մեզ հրամցված «ոչ միայն հացիւ» հորդոր-կարգախոսը սպառնում է դառնալ «միայն հացիւ» կամ լավագույն դեպքում` «նախ և առաջ հացիւ»:
Հոգևորն ապահովել ու հոգևորով սնվել ենք, երբ նյութականն ու մարմնականը մեզ չեն կերել, չեն հոշոտել, գոյության կռվում հիմնական կռվան չեն եղել: Բայց մեկ է, մենք էլի ոգեղեն ենք, էլի հոգևոր ենք, այլապես, որպես ազգ, հարատև ու անմահ չէինք լինի: Հիմա, մեր խաղաղ ու խառնակ օրերում, մեր ապահով ու անվտանգ տարիներից հետո, ավելի շատ, քան երբևէ, մեր ժողովուրդը «որտեղ հաց, այնտեղ կաց» ինքնապահպանման բնազդով է առաջնորդվում: Կուշտի ու սովածի, ունևորի ու չունևորի, անպատիժ ու ստորացված կենսապայմանների մամուլին փառք ու պատիվ, որ կարողանում է պահպանել հասարակության հավասարակշռությունը, որ կարողանում է նաև փնտրել ու գտնել արժանին, արժանավորին և արժևորել: Որ թվացյալ գաղափարական և բուն աթոռակռիվների, ազգային ու ապազգային գործիչների հսկա բանակի առկայության պայմաններում տեսանելի ու լսելի է դարձնում ամեն ինչ ու ամեն մեկին:
Որ կարողանում է եղած ու տեսած կործանարարը, խաբեությունն ու չարիքը ձաղկել, մերժել, որ կարողանում է դիմակայելով գոյատևել` աչքն ու գրիչը կյանքի զարկերակին պահած:
Մամուլը դիտող ու զննող հայացքով, երբեմն վրիպելով, երբեմն նշանակետին խփելով, ուղեկցում է մեզ` հետաքրքրասեր, խարխափող ընթերցողներիս, հնարավորություն ու իրավունք տալիս եղածի ու կատարվածի մասին տեղեկացվելու, ճշմարիտն ու կեղծիքը զատելու, իրականն ու թվացյալը, իրականն ու մատուցվածը իրատեսորեն ընկալելու:
Մամուլը հուշում-նպաստում է լույսի ու մութի, սև ու սպիտակի անվերջանալի պայքարում, բազմաթիվ ու բազմատեսակ հարցականների, կախման կետերի, փակ վարագույրների ու պարիսպների առկայության պայմաններում տեսնելու, քննարկելու եղածն ու կատարածը, պատճառներ ու պատասխաններ գտնելու:
Մամուլին այսօր շնորհված է հասարակական կյանքին միջամտելու, կյանքը վերափոխելու առաքելությունը: Մնացյալը կախված է լրագրողի խղճի, ազնվության, անաչառության ու մարդասիրության չափից ու տեսակից: Հայրենասիրությունից` առավել ևս:
Նախկին վարչակարգի օրոք, երբ թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանները հստակ էին, լրագրողը գիտեր` ինչի կամ ում մասին ինչ և ինչպես պիտի գրեր:
Նախկինում կային հստակ գաղափարախոսություն և բարոյախոսության հստակ չափանիշներ, որոնց պահպանումը, բացի այն, որ առկա էր պաշտոնական գրաքննություն, լրագրողի համար դառնում էր ներքին գրաքննության գրավական: Լրագրողը հարգում էր ընթերցող-հեռուստադիտող ժողովրդին և չէր ճամարտակում, թե այդ ժողովուրդը գռեհկության ու անգրագիտության պահանջ ունի կամ արժանի է տխմարություններով ու տգիտությամբ դաստիարակվելու:
Նախկինում էլ կային բացասական ու բարոյազուրկ երևույթներ ու չմարդանման մարդիկ, բայց դրանք որակ չէին կազմում, որովհետև ի ցույց չէին դրվում որպես օրինաչափ ու օրինակելի, փոխարենը գոյություն ունեին ժամանակի հերոս և օրվա հերոս, ովքեր, բնականաբար, դրական կերպարներ էին և արժանի էին ընդօրինակման: Ցանկացած տեղեկատվություն, ցանկացած անձի մասին հոդված կամ հաղորդում, անկախ անգամ լրագրողի կամքից, դաստիարակչական դեր են ունենում: Նախկինում այս առանձնահատկությունը կարևորվում էր:
Համարձակ շեղումներ, իհարկե, լինում էին, և տողատակերում խոցելի ճշմարտությունը վեր հանելը կամ քողարկված բացասականը փոխաբերական իմաստով մատնացույց անելն ու քննադատելը, այո, հերոսություն էին և` ոչ անվտանգ:
Այսօր հերոսանալու խնդիր լրագրության մեջ չկա: Ամենահեշտն ու ամենախաղարկային, շահեկան թեման իշխանություններին ձաղկելն ու ծաղրելն է, վարկաբեկելը: Եվ դա արդեն վտանգավոր չէ, իսկ սովորականն այլևս հետաքրքիր ու ազդեցիկ չէ. մանավանդ չարախոսությամբ:
Մենք բարության պակաս ունենք:
Մենք դադարել ենք լավատես լինել:
Մենք կորցրել ենք հավատը և՛ վաղվա, և՛ այսօրվա հանդեպ:
Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ